National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.03.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման հարցին
1 / 9

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 18-ին Արման Եղոյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել: Քննարկվել է ««Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման մասին»  նախագիծը, որը ստորագրվել է 2009թ. հունիսի 18-ին: Կոնվենցիայի նպատակը ԵԽ անդամ պետություններում յուրաքանչյուր անձի կողմից ներկայացված հարցման հիման վրա, առանց որեւէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքի ապահովումն է:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան ստորագրել է 2020թ. հունիսի 20-ին: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2020թ. դեկտեմբերի 1-ից, այն ստորագրել է 20 պետություն, ուժի մեջ է մտել 11 պետություններում:

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով` կոնվենցիայով սահմանվող պարտավորությունները Հայաստանն արդեն  իրականացրել է իր օրենսդրությամբ եւ պրակտիկայով: Կոնվենցիան վերաբերում է պաշտոնական փաստաթղթերի մատչելիությանը եւ համադրելի է Հայաստանի կողմից հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ապահովման հարցում ընտրած ուղղությանը:

Կոնվենցիան նախատեսում է դիմողի` հայցվող փաստաթղթի բնօրինակին ծանոթանալու իրավունք: 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը  համալրվել է տեղեկություններ ստանալու իրավունքն ամրագրող 51-րդ հոդվածով, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Կոնվենցիան նախատեսում է, որ պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար դիմումատուն իրավունք ունի չներկայացնել հիմնավորումներ:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվել են նաեւ այլ հարցեր:

Նիստին ներկա Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հանձնաժողովին առաջարկել է հանդես գալ նախաձեռնությամբ` մասնավորապես նշելով. «Կցանկանայի առաջարկել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովին` պատրաստել եւ Ազգային ժողովին առաջարկել բանաձեւ-առաջարկ-կոչ-պահանջ` ուղղված Եվրախորհրդարանին, որպեսզի որեւէ քաղաքական, դիվանագիտական, առավել եւս տնտեսական պայմանագիր Ադրբեջանի հետ չկնքվի` մինչեւ ազատ չարձակվեն հայ ռազմագերիները, մինչեւ գործուն եւ ակնհայտ կերպով չհարգվի, չպաշտպանվի, չերաշխավորվի ինչպես արցախահայության ազգային ինքնորոշման, այնպես էլ  մարդու իրավունքների ամբողջ համալիրը: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում շատ տեղին կլինի, եթե հանձնաժողովը ներկայացնի այդ պահանջը կամ կոչը Ազգային ժողովին, որպեսզի դա ներկայացվի Եվրախորհրդարանին»:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am